ԳՏՏԿ 14 տարիների հաջողության պատմություն

Ամեն ինչ սկսվեց 14 տարի առաջ՝ ԳՏՏԿ գիտակրթական հիմնադրամի գործունեությամբ՝ աշխատելով ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի և պատրաստել ՏՏ ոլորտի մրցունակ կադրեր: Ճկուն ուսումնական ծրագրի և շեշտադրված գործնական ուսուցման շնորհիվ կենտրոնի շրջանավարտները մրցունակ կադրեր են` տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում, ինչի մասին վկայում է վիճակագրությունը: Եթե 2007 թվականին ԳՏՏԿ-ն ունեցել է 18 շրջանավարտ, նրանցից 45%-ն աշխատանքի են անցել ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում, ապա արդեն իսկ 2019 թվականին հաստատությունն ունի ավելի քան 4000 շրջանավարտ, այսօր շրջանավարտների 98%-ն համալրում է ՏՏ ոլորտի աշխատաշուկան, մեծ մասը Գյումրիում:
Ամեն օր Երևանից Գյումրի են ժամանել առաջատար կրթական հաստատությունների և մասնավոր ընկերությունների բարձրակարգ մասնագետները՝ դասավանդելու շաբաթական վեց անգամ կազմակերպվող դասընթացներում: Իսկ այժմ կենտորնում դասավանդում են ԳՏՏԿ-ի լավագույն շրջանավարտներն, ովքեր իրենք իսկ ունեն հիմնած իրենց սեփական կազմակերպությունները, իրենք են գնում մարզեր՝ դասավանդելու, զարգացնելու ՏՏ ոլորտը ՀՀ մյուս մարզերում։
Ահա ևս մեկ որդեգրած առաքելություն, որն իրականացնում է ԳՏՏԿ-ն՝ զարգացնել ՏՏ ոլորտի ներուժը Հայաստանի մյուս մարզերում, չսահմանափակվելով միայն Շիրակի մարզով։
2015թ-ից սկսած ԳՏՏԿ-ն իր գործունեությունը սկսեց ծավալել Լոռու մարզում, Վանաձոր քաղաքում՝ սկզբում դասընթացներն իրականացնելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ Իսկ այժմ դասընթացներն անցկացնում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը։
Սույն թվականի մարտի 1-ից կմեկնարկեն Software և iOS ծրագրավորման դասընթացներ՝ Եղեգնաձորի և Վայոց Ձորի մարզերում։
Նպատակն է, որ մարզերի երիտասարդները ստիպված չլինեն տեղափոխվել Երևան կրթություն ստանալու համար, այլ կարողանան որակյալ ուսում ստանալ իրենց բնակավայրին մոտ։ Երևանը դեռևս գրավիչ է ապրելու տեսանկյունից, բայց այն, ինչ կատարվում է ԳՏՏԿ-ի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի շուրջ, ցուցիչ է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Տարվա կտրվածքով մեծ քանակությամբ ուսանողներ են գալիս ԳՏՏԿ, Գյումրու և Վանաձորի տեխնոպարկեր, կողմնորոշվում իրենց մասնագիտության ընտրության հարցում։ Հուսով և հավատով ենք, որ մյուս մարզերում էլ կունենանք նմանատիպ կենտրոններ՝ տեխնոպարկեր։