Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզինն է

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը եւ Luseen Technologies ընկերությունն այսօր քառակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:
Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հայ օգնության ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում Գավառում կանցկացվեն 6 ամիս տեւողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (Swift, iOS) եւ վեբ ծրագրավորում (HTML/CSS, JavaScript, PHP, DB):
Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով՝ http://gitc.am/regions/gegharkunik: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Բոլոր խմբերի համար անգլերենի, ալգորիթմների տեսության եւ դիսկրետ մաթեմատիկայի դասընթացներին մասնակցությունը պարտադիր է:
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ եւ ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների եւ ընկերությունների հետ:
«Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է դրանց հզորացմանը նպաստող լուրջ քայլ: Սա իրական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար, այդպիսով կանխելով նրանց արտագաղթը մարզից եւ առհասարակ Հայաստանից»,- հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ևս ողջունել է ծրագիրը՝ նշելով, որ երկրի զարգացման կարևոր գրավական է մարզերի զարգացումը։ Իսկ մարզում ռազմավարական նշանակություն ունի բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը։ Բուհը պատրաստում է ապագայի մասնագետներ, որոնց համար բարձր տեխնոլոգիաներին տիրապետումը հրամայական պահանջ է։
«Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետն ավելի քան երկու տասնամյակ իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր՝ ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, համակարգչային ճարտարագիտություն մասնագիտությունների գծով։ Մեր բազմաթիվ շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են իրենց մասնագիտությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում։ Ծրագրի շրջանակում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներուժն ու տեխնիկական հնարավորությունները կներդրվեն՝ Գեղարքունիքի մարզի երիտասարդներին ծրագրավորման լեզուներ, օտար լեզու, ուսուցանելու, մաթեմատիկական գիտելիքներ փոխանցելու, դպրոցների բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշման նպատակներով»,- ընդգծել է Ռուզաննա Հակոբյանը:
«Մեր երկրի համաչափ զարգացման համար շատ կարեւոր է հնարավորություններն ուղղորդել դեպի մարզեր, մարզերում ապրող երիտասարդներին ներգրավել այնպիսի ծրագրերում, որոնք խթան կհանդիսանան աշխատատեղերի ստեղծման եւ արտագաղթի նվազման համար»,- հավելել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: